25/01/2024 12:06
ԵԽ փորձագիտական պատվիրակության հետ քննարկվել են տեղահանված անձանց իրավունքների ամրապնդման հարցերը
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը, որը գլխավորել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
ԵԽ փորձագիտական պատվիրակությունը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի մեկնարկի շրջանակում:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և միևնույն ժամանակ բարձր գնահատել ԵԽ ջանքերը՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանը:
ԵԽ գործընկերների հետ քննարկվել են Հայաստանում տեղահանված անձանց համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդմանն ուղղված հարցերը, այդ համատեքստում՝ նաև միգրացիայի, կրթության, իրազեկվածության բարձրացման ոլորտին վերաբերելի օրենսդրական ու իրավական գործընթացները:
ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետները ներկայացրել են ծրագրի իրականացման շրջանակը և նախանշել Արդարադատության նախարարության հետ համագործակցության շրջանակները, որոնք ներառում են տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավական հենքի հետագա զրագացումը, այդ իրավունքների վերաբերյալ իրազեկման ամրապնդումը և տեղահանված անձանց շրջանակներում մասնագետների վերապատրաստումները: Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: