25/01/2024 19:14
Թեպետ դա կարող է ձևական բնույթ կրել, բայց «Եռաբլուրի գործը» կվերաբացվի․ Փաստաբանը մանրամասներ է հայտնել
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթը կվերաբացվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, վերացրել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված՝ ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու որոշումը՝ բավարարելով տուժող կողմի բողոքը։ Այդ մասին, ինչպես տեղեկացրել ենք, հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում փաստաբանը հավելյալ մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշումից, որով բավարարվել է իր բողոքը՝ վերացնելով գլխավոր դատախազության կողմից կայացված՝ ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը, բխում է, որ քրեական վարույթը պետք է վերականգնվի, իրականացվի նոր նախաքննություն։ Վարույթն իրականացնող մարմինը պետք է վերացնի դատարանի կողմից արձանագրված մի շարք խախտումները, որոնք թույլ էին տրվել նախաքննության ընթացքում։ Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ նախաքննական մարմնի կողմից 1 տարի 2 ամիս տևած նախաքննության ընթացքում չի պարզվել, թե ով է եղել այն անձը, որը հրահանգել է քաղաքացիներին հարկադրաբար հեռացնել «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, ոստիկանների ցուցմունքներում առկա մի շարք հակասությունները չեն պարզվել վարութային գործողությունների ընթացքում, գնահատական չի տրվել Վարչական դատարանի որոշումներին, որով արձանագրվել էր, որ քաղաքացիների կողմից չեն կատարվել վարչական իրավախախտումներ, ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին ժամանակ չի տրամադրվել՝ ենթադրյալ խախտումները վերացնելու համար, հետևաբար, վարչական ձերբակալումն անօրինական է։
«Քննիչն ու դատախազն իրենց որոշմամբ հակասել էին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն որոշումներին, որոնք անգամ իրենք չէին բողոքարկել, ինչն աբսուրդային է»,- նշել է Հովհաննիսյանը։
Այլ խոսքով՝ քրեական վարույթը կվերսկսվի, փաստաբանը, սակայն, օբյեկտիվ քննության ակնկալիք չունի, չի կարծում, որ եթե նախաքննություն իրականացվի նույն կառույցի կողմից նույն վարչությունում, նոր որոշում կլինի, թեև դատարանի որոշման պայմաններում վարութային գործողություններ պետք է իրականացվեն։
«Վարութային գործողություններ կիրականացվեն, բայց թե ինչ որակով և ի սկզբանե ինչ արդյունք ակնկալելու նպատակով՝ այդտեղ որոշակի մտահոգություններ ունեմ»,- նշել է փաստաբանը՝ չբացառելով, որ դա կարող է ձևական բնույթ կրել և նորից կարող են հանգել նույն որոշման, թեև դատարանը հստակ արձանագրել է, որ պետք է գնահատականներ տան վարչական դատարանի որոշմանը, իսկ այդ դեպքում պետք է հանգեն ոստիկանության գործողություններում հանցակազմի առկայության մասին հետևության»։