25/01/2024 17:50
Քննչական կոմիտեից պնդում են՝ Նարինե Հայրապետյանը ցուցմունքում ասել է, որ իրեն չեն առևանգել
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի առևանգման դեպքին ու գրել է․
«Նկատի ունենալով Նարինե Հայրապետյանի առերևույթ առևանգման դեպքի վերաբերյալ տարատեսակ շահարկումները և քաղաքականացման անհարկի դրսևորումները՝ հարկ եմ համարում որոշ հանգամանքների վրա կանգ առնել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն հրապարակել վարույթն ավարտվելուց և վերջնական իրավական գնահատականները տրվելուց հետո։
Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեն 2024թ․ հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առևանգելու մասին։ Ինչպես նաև ստացվել է Ոստիկանության կողմից կազմված արձանագրություն, ըստ որի՝ Ն․ Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով։
Հաղորդման և ստացված փաստաթղթերի հիման վրա մի խումբ անձանց կողմից մարդու առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացվող բազմակողմանի նախաքննությամբ քննության առարկա են բոլոր վարկածները, այդ թվում՝ առևանգում կատարվելու։ Եվ հանգամանքները պարզելու նպատակով շարունակվում են կատարվել բոլոր անհրաժեշտ, անհետաձգելի վարութային և քննչական գործողությունները։
Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով, տեսաձայնագրառվել են։ Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել։
Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջարկվել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։ Վերջինս, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։
Նախաքննությունը շարունակվում է»։