25/01/2024 18:13
«Ալիևը Հայաստանի թշնամին է, բայց կարծես այս իշխանությունների հայրը լինի»․ Պարույր Հայրիկյանը՝ Սահմանադրությունը փոխելու նախաձեռնության մասին
Ի՞նչ է սպասվում Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, Հայաստանի իշխանությունները կարո՞ղ են հակադարձել ադրբեջանական պահանջներին՝ Անկախության հռչակագրի համար։
168.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանն այս հարցերին ի պատասխան ասել է, որ որևէ իշխանություն չի կարող փոխել Անկախության հռչակագիրը, այն ընդունված փաստաթուղթ է։
«Սակայն իշխանությունը կարող է դուրս թողնել Սահմանադրությունից, այսինքն՝ մեր երկրում գործող հիմնական օրենք չլինել։ Նոր Սահմանադրություն ունենալու գաղափարի հիմքում երևի հենց այս նպատակադրումն է։
Այս շատախոսության պայմաններում իշխանությունները հստակ պիտի ասեին, թե ինչի են ձգտում և ինչն է այդ ձգտման ճանապարհին իրենց խանգարում։ Այս կիսատ-պռատությունն իրենց գործը չի հեշտացնելու, որովհետև կան բաներ, որոնք շատերի համար ընդհանրական են։ Պահանջներ ներկայացնում է ցեղասպանություն իրականացրած թշնամին, ի վերջո, Ալիևը Հայաստանի թշնամին է, բայց այս իշխանությունների համար կարծես թե իրենց հայրը լինի»,- նշել է Պարույր Հայրիկյանը։
Ըստ նրա, Սահմանադրություն փոխելը խնդիր է, քանի որ իշխանությունն ի սկզբանե խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին, այլ ոչ թե՝ Սահմանադրությունը փոխելու։
«Սահմանադրությունը փոխելը ծնողադավության նման մի բան է։ Լևոն Տեր-Պետրոսյանն ինձանից ավելի մեծ ընդդիմադիր չուներ, բայց երբ պետք է անդրադառնային Սահմանադրությանը, ես չխոսեցի այն փոխելու մասին, այլ խոսեցի բարեփոխելու մասին։ 1991 թվականին Տեր-Պետրոսյանի դեմ սև դրոշներ պարզած, նրա ստեղծած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից դուրս եկած մարդս, չորս տարի անց, խոսեցի ընդամենը բարեփոխումների մասին։
Համարում էի, որ ժողովրդի մի զգալի մասի մասնակցությամբ աշխատանք է կատարվել, և ծնողադավ չէի։
Զրոյից սկսում են նրանք, որոնք նվազագույն հարգանք չունեն իրենց պատմության, սեփական ժողովրդի անցյալի նկատմամբ։ Հիմա մենք նման մի գործչի հետ գործ ունենք՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Սրանք իրենց քաղաքականության մեջ իրենց քաղաքական հայրերին լրիվ զրոյացնելու կողմնակից են»,- շեշտել է Պարույր Հայրիկյանը։
Նրա բնորոշմամբ՝ այս ամենը դեմ է «ազգ» հասկացությանը, ավելին՝ իշխանությունն ունի ինչ-որ պատվերներ, խոստումներ կամ հրամաններ, որոնք հայ ազգի հետ առհասարակ կապ չունեն․
«Աստված ասում է՝ պատվիր ծնողներիդ, սրանք չեն պատվում, կամ էլ ունեն այլ ծնողներ, որոնց պատվում են»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում