25/01/2024 10:07
«Հրապարակ». Բաքվում պահվող հայ գերիների կալանքը կերկարացվի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերից Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարների կալանքի ժամկետը լրանում է: Հունվարի 28-ին լրանում է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման 6 ամիսը, հունվարի 30-ին` Դավիթ Բաբայանինը, նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Արայիկ Հարությունյանի կալանքը լրանում է փետրվարի 3-ին: Նրանք կալանավորվել էին 4 ամսով, և որոշ հույսեր կային, որ ժամկետը լրանալուն պես ազատ կարձակվեն:
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չէ, թե ինչ քայլեր կանի ադրբեջանական իշխանությունը: Նկատեցինք, որ դատելով Ալիևի վերջին հարցազրույցից, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն էլի կմնան կալանքի տակ, ավելին` Ալիևը երազում է ևս 2 հոգու կալանավորել` Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին: «Կան օրենսդրական կարգավորումներ, եթե նախաքննությունն ավարտված չէ, և կա իբրև թե նոր ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտություն, ապա դատարանին կալանքը երկարացնելու միջնորդություն կներկայացվի: Այն կարող է լինել 1, 2, 3 ամսով, ցուցե՝ ավելի շատ: Այս պահին չկան հստակ տեղեկություններ, սակայն կարծում եմ՝ առաջիկայում գործերի ընթացքը պարզ կլինի: Հավանական եմ համարում՝ թեկուզ կրճատված, սակայն կալանքի երկարացումը: Դեռ որոշակի բեմադրություններ են պահանջվելու, նախքան դատավարությունը»:
Ըստ ադրբեջանական օրենսդրության, նախնական կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 18 ամիս»։