26/01/2024 10:16
«Ոչ մի վայրկյան չկորցնեք զգոնությունն ու սթափությունը». Շիրակի մարզպետը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին, որոնց թվում նաև իր որդին է
Շիրակցի նորակոչիկների նոր խումբ է մեկնել է ծառայության:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ծնողների, հարազատների հետ մասնակցել է հայոց բանակ ճանապարհելու արարողությանը:
«Այսօր որքան պարտավորեցնող, նույնքան պատասխանատու օր է ոչ միայն ձեզ՝ այլև ինձ համար։ Իմ հոգում միախառնվել են հպարտության վեհ զգացումն ու ծնողական հուզմունքը, քանի որ ձեզ հետ Հայոց բանակ եմ ճանապարհում իմ որդուն։
Տղաներ, դուք գնում եք փոխարինելու մեր հայրենիքի զինված ուժերում պարտքը կատարած ձեր ավագ ընկերներին։ Գիտակցեք, որ պատիվ է լինել հայ զինվոր, ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Ձեր ծառայության ժամանակ ոչ մի վայրկյան չկորցնեք զգոնությունն ու սթափությունը, միշտ եղեք ձեր սպաների ու ծառայակից ընկերների կողքին։
Հայրական օրհնանք հղելուց զատ, ուզում եմ միշտ հիշեք՝ զինվորական ծառայությունը յուրաքանչյուր տղամարդու համար մի փորձություն է, հայրենիքի ու հայրենի հողի անառիկության համար ծառայելն իսկապես պատվաբեր ու անչափ կարևոր է։ Տոկունություն, կամք եմ մաղթում ձեզ, իսկ մեր բոլոր զորակոչիկների ծնողներին ու հարազատներին, որոնց թվում և ես եմ՝ համբերություն։ Թող հպարտության զգացումին երկչոտություն երբեք չխառնվի, մենք ուժեղ ենք ու վստահ եմ՝ երկու տարի անց մեր որդիներին պետք է դիմավորենք առավել մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ», - նշել է Շիրակի մարզպետը՝ մաղթելով նորակոչիկներին բարի երթ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ։