26/01/2024 13:53
Բանկերի վճարած 126 մլրդ դրամ հարկերը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 70 մլրդ դրամով. ԿԲ խորհրդի անդամ
ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանն անդրադարձել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին։
«Ներկայացնում եմ 1000 խոշոր հարկ վճարողների տարեկան ուսումնասիրության հակիրճ արդյունքները
1) Տարեկան 2% գնաճի, և նախորդ տարվա համեմատ ավելի ցածր տնտեսական աճի պարագայում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են 15%-ով ավելի հարկ։
2) Ցանկում հայտնվել է 237 նոր խաղացող ինչը որոշակիորեն խոսում է գործարար միջավայրի բարելավման մասին, քանի որ չի նկատվում «լճացում»
3) Շինարարության աճը համահունչ չէ ոլորտի հարկ վճարողների կողմից գեներացված հարկային մուտքերին, քանի որ ոլորտը աճում է շատ ավելի բարձր տեմպով, քան հավաքագրումն է։
4) 2023թ. 1000 խոշորագույն հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է ավելի քան 1,7 տրլն դրամ, ինչը 15%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից (գծապատկեր): Հարկ է արձանագրել, որ 2022-ին, դրան նախորդող տարվա համեմատությամբ, աճը շատ ավելի նշանակալի էր՝ շուրջ 32%։ Մյուս կողմից, 2023թ․ ցուցանիշի աճը առաջանցիկ է՝ տնտեսական ակտիվության ակտիվության անվանական աճի մակարդակի համեմատությամբ։
5) 2023թ․100 խոշորագույն հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 976 մլրդ դրամ, ինչը շուրջ 100 մլրդ դրամով կամ 11 տոկոսով բարձր է նախորդ տարվա համեմատությամբ։ 10 խոշորագույնների պարագայում աճը շատ ավելի համեստ է՝ ընդամենը 4 մլրդ դրամի չափով կամ 1% (գծապատկեր):
6) Մեկ այլ կարևոր միտում է 1000 հարկ վճարողների ցանկում ընդգրկված ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծության կառուցվածքում ուղղակի հարկերի (շահութահարկ և եկամտային հարկ) տեսակարար կշռի ավելացումը՝ նախորդ տարվա համեմատ, սակայն դիտարկվող ժամանակահատվածի առավելագույն մակարդակի համեմատությամբ ցուցանիշը դեռևս ցածր մակարդակի վրա է: 2023թ. 1000 հարկատուների վճարած հարկերի ընդհանուր մեծության 32,3%-ը կազմել են ուղղակի հարկերը: Նախորդ տարի այս ցուցանիշը 28,7% էր (գծապատկեր):
6) Դիտարկվող ժամանակահատվածում նշանակալի կերպով փոխվել է նաև ցանկում ներառված հարկատուների տարածքային բաշխվածությունը։ Այսպես, Երևանում գրանցված հարկատուների թիվը ցանկում ներառվածների 80%-ն է, ինչը նախորդ տարիների համեմատությամբ էապես չի փոխվել։ Մինչդեռ նրանց մասնաբաժինը վճարած հարկերի ընդհանուր ծավալում 2023-ին կազմել է 82,1%, ինչը նկատելիորեն բարձր է նախորդ տարվա մակարդակից (գծապատկեր)։
7) Նախորդ տարվա համեմատությամբ բացարձակ արտահայտությամբ առավել մեծ աճ արձանագրած հարկ վճարողների տասնյակում առաջատար են «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ»-ը՝ +28,5 մլրդ դրամ; «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ»-ը՝ +25,7 մլրդ դրամ; «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ»-ը՝ + 24,8 մլրդ դրամ։ Նույն տասնյակում ներկայացված են 4 բանկեր՝ Արդշինբանկ, Ամերիաբանկ, Էվոկաբանկ, ԱԿԲԱ բանկ, որոնց գումարային հարկային վճարումները 2023-ին կազմել են շուրջ 72 մլրդ դրամ, կամ նախորդ տարվա համեմատությամբ 47 մլրդ դրամով ավելի։
Ընդհանրապես, ցանկի առաջին հարյուրյակում ներկայացված են ՀՀ 18 բանկերից 14-ը, որոնց գումարային հարկային վճարումները գերազանցել են 126 մլրդ դրամը, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 70 մլրդ դրամով։
Առաջին հարյուրյակի ընկերություններից 54-ը նախորդ տարվա համեմատությամբ հարկային վճարումները ավելացրել են առնվազն 1 մլրդ դրամով, իսկ 21 հարկատուի պարագայում արձանագրվել է վճարած հարկերի առնվազն կրկնապատկում»,- գրել է նա։