26/01/2024 14:13
Ամո՛թ քեզ, Գոնչարենկո, երբ գամ Ստրասբուրգ, այնպես արա, որ աչքիս չերևաս. Մարուքյանը՝ Ադրբեջանին աջակցած ուկրաինացի պատգամավորին
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ում գրառում է կատարել՝ մեկնաբանելով ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի ելույթը ԵԽԽՎ-ում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վավերացման քննարկման ժամանակ:
«Դեռևս 2021 թվականին որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ ելույթ եմ ունեցել Ադրբեջանի տխրահռչակ Ռազմավարի պուրակի վերաբերյալ, որտեղ ադրբեջանական ռեժիմը տեղադրել էր հայ ռազմագերիների մանեկեններ։
Երբ իմ ելույթում ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները, ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն բողոքել է նիստի նախագահին, որ թույլ է տվել ինձ ելույթ ունենալ պաստառներով և թույլ չի տվել, որ նա նույնն անի։ Բողոքի այս ակցիան ավարտվել է նրանով, որ ԵԽԽՎ նախագահը խնդրել է նրան հեռանալ նիստերի դահլիճից։
Հետաքրքիր է, թե ինչպես է նա աշխարհից արդարություն պահանջում Ուկրաինայի համար, երբ չի ցանկանում նույն արդարությունը տեսնել Լեռնային Ղարաբաղի՝ էթնիկ զտման ենթարկված հազարավոր բնակիչների և Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների համար: Ամո՛թ քեզ, Գոնչարենկո, երբ գամ Ստրասբուրգ, այնպես արա, որ աչքիս չերևաս, քո ելույթն ինձ տհաճություն պատճառեց», - գրել է Էդմոն Մարուքյանը: