26/01/2024 18:25
Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ․ Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, հայտնում են կառավարությունից։
Տեղեկացվում է, որ ողջույնի խոսքում Վրաստանի վարչապետը նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին բարեկամ, ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Ձեր պատվիրակությանը: Պատվիրակության հարգելի անդամներ, ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն եմ հայտնում իմ թանկագին գործընկերոջը՝ պարոն Նիկոլ Փաշինյանին, հյուրընկալվելու համար: Մեծ պատիվ է մեկ անգամ ևս հյուրընկալել Ձեզ Վրաստանում:
Ուզում եմ նշել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի կարևորությունը: Ինչպես հայտնի է, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը մեր երկրների տրանսպորտային, մշակութային, տնտեսական կապերը հզորացնելու լավագույն միջոց է: Այսօրվա հանդիպումն ավելի կարևոր է դարձնում Հայաստան-Վրաստան տնտեսական ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը: Մենք առանց այդ էլ ռազմավարական գործընկերներ էինք, այս ամենը պետք է այսօր պաշտոնապես ձևակերպվի: Կարծում եմ՝ սա շատ կարևոր պատմական որոշում է, որն էլ ավելի կնպաստի մեր հարաբերություններին, կհզորացնի բարեկամությունը, գործընկերությունը:
Մեկ անգամ ևս ողջունում եմ, ուզում եմ խնդրել պարոն վարչապետին, ողջույնի խոսք ասել»:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
«Մեծարգո՛ վարչապետ Ղարիբաշվիլի,
Նիստի հարգարժա՛ն մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սրտանց ողջունում եմ Վրաստանի վարչապետ, իմ լավ բարեկամ Իրակլի Ղարիբաշվիլիին և Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի բոլոր մասնակիցներին։
Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրաց գործընկերներին ավանդական ջերմ ընդունելության համար:
Պետք է արձանագրեմ, որ այսօր մեր երկրների միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ և հաջողություններ արձանագրել ամենատարբեր ոլորտներում, իսկ միջկառավարական հանձնաժողովի նիստերի նախագահումը երկու երկրների վարչապետների մակարդակով խոսում է երկկողմ հարաբերությունների արժևորման մասին:
Մեր երկրների տնտեսական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և մեր խնդիրն է նպաստել դրա լիարժեք բացահայտմանն ու կյանքի կոչմանը: Այս առումով տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն իր կարևոր տեղն ունի կողմերի միջև տնտեսական կապերը խորացնելու և ամրապնդելու գործում։
Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը բավականին հագեցած է և ներառում է երկկողմ գործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` տրանսպորտը, կապը, էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաները, առողջապահությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, կրթությունն ու գիտությունը, մշակույթը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլն: Կարևորում եմ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կյանքի կոչումը, որը մեր երկրների հարաբերություններին կհաղորդի նոր որակ և բովանդակություն:
Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ նախորդ տարի երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Համոզված եմ, որ սա առավելագույնը չէ, և առաջիկա տարիներին ևս առևտրաշրջանառության դրական դինամիկան կպահպանվի՝ շնորհիվ երկու երկրների տնտեսությունների աճի և փոխգործակցության խորացման։
Հարգելի՛ ներկաներ,
Մեծարգո պարոն վարչապետ.
Երկու երկրների հարաբերություններում առկա իրողություններով պայմանավորված նոր հնարավորություններ են ստեղծվել համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման համար: Այս առումով հատկանշական է, որ որոշում է կայացվել Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ: Վստահ եմ, որ այս ձևաչափը համապատասխանում է մեր երկրների միջև հարաբերությունների առկա մակարդակին, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացի փոխգործակցության առավել խորացման համար:
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակության ընդունելությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար և հաջողություն ու արդյունավետ աշխատանք մաղթել նիստի մասնակիցներին: Շնորհակալություն»: