26/01/2024 15:59
Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին
Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանում հանդիպել է կառավարող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսին:
Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման և նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Դեսպանը նշել է, որ միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ երկու երկրների համահունչ մոտեցումները փոխգործակցությունն առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնելու լավագույն հնարավորությունն են ընձեռում, որտեղ իր կարևոր ներդրումն ունի միջխորհրդարանական համագործակցությունը։
Դեսպանը նաև նշել է, որ մոտ ապագայում ակնկալում է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի զարգացման և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում համագործակցության առավել ակտիվացում:
Ստավրոս Կալաֆատիսն իր հերթին ընդգծել է, որ իր համար մեծ պատասխանատվություն և պատիվ է ստանձնել եղբայրական Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարումը Հունաստանի օրենսդիր մարմնում։ Նա հավելել է, որ իրենից կախված ամեն բան կարվի, որպեսզի գործի կենսունակ խումբ` ակտիվ նախաձեռնություններով, որն իր ուրույն ներդրումը կունենա հայ-հունական հարաբերությունների էլ ավելի խորացման մեջ։