26/01/2024 17:38
Հայ-վրացական ռազմավարական գործընկերության մասին պաշտոնական համաձայնագիր է ստորագրվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։
Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ այսօր ստորագրվել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության մասին պաշտոնական համաձայնագիր:
«Դե-ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական գործընկերներ էինք։ Այսօր արդեն, կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց։ Այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին համաձայնագրի ստորագրումը որակել է որպես հայ-վրացական հարաբերությունների հանգրվանային իրադարձություն։
Փաշինյանը նշել է նաև, որ Վրաստանում քննարկումների ընթացքում պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչություններին՝ գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։