26/01/2024 09:41
«Հրապարակ». Արցախցի դատավորները դիմել են ՄԻՊ-ին` հանդիպման խնդրանքով. չի ընդունել նրանց
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ բռնի տեղահանումից շաբաթներ անց Արցախի դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ՝ խնդրելով լուծում գտնել, որ Արցախից բռնի տեղահանված դատավորները Հայաստանում կենսաթոշակ ստանան՝ թեկուզ ոչ այն չափով, ինչքան հայաստանյան գործընկերներն են ստանում, բայց ստանան։ Խոսքը 21 դատավորի մասին է, որոնցից 18-ը 10-15 տարվա աշխատանքային փորձ ունի։ Չնայած ԲԴԽ ղեկավարն Արցախի գործընկերներին ընդունել է շատ ջերմ՝ իր սովորույթի համաձայն, խոստացել իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել ու լուծում գտնել, սակայն հանդիպումից հետո անցել է ընդհատակ ու ո՛չ պատասխանում է նրանց զանգերին, ո՛չ ընդունում է նրանց։
Տեղեկացանք, որ Անդրեասյանից հույսները կտրած Արցախի դատավորները փորձել են իրենց խնդրի լուծումը գտնել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի միջոցով, ով, ի դեպ, ՄԻՊ նշանակվելուց հետո առաջին այցելություններից մեկը կատարեց Արցախ, որտեղ նրան շատ ջերմ ընդունելության են արժանացրել: Արցախցի դատավորները դիմել են Անահիտ Մանասյանին` հանդիպման խնդրանքով, սակայն վերջինս «ցրել» է և չի ընդունել նրանց, թեև շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի տրամադրվածությունն Արցախի ու արցախցիների նկատմամբ փոխանցվել է նրա կամակատար պաշտոնյաներին, որոնք խուսափում են այս թեմայից և մարդկանցից: Բայց եթե ԲԴԽ նախագահը կարող է չինովնիկական լկտիությամբ խուսափել այս հարցից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տիկինը վաղ թե ուշ ստիպված է լինելու արձագանքել»։