26/01/2024 15:14
Մեր հաջողությունները հնարավոր են դառնում ունկնդիրների սիրո շնորհիվ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 2023 թվականը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփում է 2023 թվականի գործունեությունը։
2023 թվականին ունեցել են 88 համերգ, որոնցից
60-ը՝ Երևանում,
4-ը՝ մարզերում,
24-ը՝ արտերկրի հեղինակավոր համերգասրահներում։
Հյուրախաղերով հանդես են եկել Միացյալ Թագավորությունում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Լիբանանում։
«Ձայնագրեցինք հայ կոմպոզիտորների ավելի քան 110 ստեղծագործություն Հայաստանում և արտերկրում։
Անցկացրինք նվագախմբի 4 ամենամյա փառատոնները՝
Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը՝ միտված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների թվայնացմանը, ձայնագրությանն ու պահպանմանը
Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության երրորդ փառատոնը՝ նվիրված հայկական արմատներով անվանի լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 90-ամյակին
Խաչատրյանի անվան միջազգային 11-րդ փառատոնը՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին
«Արմենիա» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը՝ ուղղված Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացմանը
Ելույթներ ունեցանք աշխարհահռչակ արտիստների հետ.
Դենիս Մացուև
Մարիա Գուլեգինա
Սերգեյ Խաչատրյան
Մարիա Դուենյաս
Ալեքսանդր Ռոմանովսկի
Կամիլ Թոմա
Նարեկ Հախնազարյան
Եկվոն Սունվու
այլ անվանի մենակատարներ։
Հանդիսատեսին ներկայացրինք հոբելյանական երեկոներ, որոնք նվիրված էին
Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակին
Արամ Խաչատրյանի 120-ամյակին
Քշիշտոֆ Պենդերեցկու 90-ամյակին
Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին
Հայկո Հակոբյանի 50-ամյակին
«Դաս A» և «Իմ սիմֆոնիկ» կրթամշակութային նախագծերի շրջանակում մեր համերգներին մասնակցեցին մոտ 13,000 աշակերտ և 4,000 ուսանող։
Արտերկրից ժամանած անվանի մենակատարների կողմից պատանի երաժիշտների համար կազմակերպեցինք 20-ից ավելի վարպետության դաս։
Հետամուտ լինելով լսարանի երիտասարդացման մեր առաքելությանը՝ 2023 թվականի ընթացքում նույնպես իրականացրինք մեր ավանդական համերգային նախագծերը.
Սիմֆոնիկ Ռոք
Սիմֆոնիկ Մանսուրյան
Սիմֆոնիկ Ռեինկարնացիա
Սիմֆոնիկ մուլտֆիլմեր
Սիմֆոնիկ Հոլիվուդ
Սիմֆոնիկ Երևան։
Մասնակցեցինք Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին՝ որպես պաշտոնական նվագախումբ։
Սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակեցինք մեր երկարաժամկետ համագործակցությունը լսողական խանգարում ունեցող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ի հետ և 2023 թվականին նվագախմբի համերգների տոմսերի վաճառքի հասույթի 10%-ը ուղղեցինք լսողական խնդիրներ ունեցող երեխաների առողջական խնդիրների լուծմանը։
Իրականացրեցինք «Հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖԻ»բարեգործական նախաձեռնությունը՝ բռնի տեղահանված արցախցի երեխաների առաջնային կարիքներին արձագանքման նպատակով։
Բարեգործական համերգ ունեցանք նաև «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի հետ՝ քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին օգնելու նպատակով։
Մեր մասին խոսեցին և մեզ ցուցադրեցին միջազգային հեղինակավոր մեդիահարթակներում։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարների հետ գործընկերությունը 2023 թվականին ևս մեկ անգամ ամրապնդվեց «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ամենախոշոր միջոցառմանը ունեցած մեր մասնակցությամբ։
Մեր հաջողությունները հնարավոր են դառնում ունկնդիրների սիրո և աջակիցների սատարման շնորհիվ։
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար», - ասվում է հաղորդագրությունում: