27/01/2024 21:46
Ինչպե՞ս ազատվել մակաբույծներից
Պեդիկուլյոզը գլխամաշկի հիվանդություն է, որի հարուցիչները գլխի ոջիլներն են՝ մանր թևազուրկ մակաբույծ-միջատներ, որոնք սնվում են մարդու արյունով:
Գլխի ոջիլներն, ինքնին, վտանգ չեն ներկայացնում և հիվանդություններ չեն տարածում, սակայն, խայթելով մաշկը, կարող են առաջացնել քոր և մաշկի գրգռվածություն։
Գլխի ոջիլները հաճախ հանդիպում են երեխաների մոտ, սակայն կարող են հայտնաբերվել նաև չափահասների շրջանում։ Կարող են միմյանց փոխանցվել գլխի մազերի խնամքի պարագաների միջոցով՝ սանր, մազերի խոզանակ և այլն։
Ապրելու համար գլխի ոջիլները տաք միջավայրի և արյան կարիք ունեն։ Հայտնվելով հագուստի, սպիտակեղենի կամ անձնական օգտագործման այլ պարագաների վրա, դրանք երկար չեն գոյատևում։ Հետազոտությունները վկայում են նաև, որ խնդիրը գլխարկ կրելով չի տարածվում։
Մասնագետների խոսքով, ոջիլները արյուն ծծելիս իրենց թուքը ներարկում են մարդու մարմնի մեջ՝ որոշ դեպքերում առաջացնելով ուժեղ մաշկային քոր։ Մաշկային խայթոցները նաև կարող են առաջացնել տվյալ շրջանի գրգռվածություն և կարմրություն, որն ավելի է սաստկացնում քորը։
Գլխի ոջիլ ունեցող մարդու գլխի մազերը և մազածածկ մաշկը զննելիս կարելի է նկատել ինչպես ոջիլները, այդպես էլ դրանց ձվերը (անիծ)։ Անիծներն ունեն մանր սպիտակ կետերի տեսք, որոնք ամուր կպած են մազերին։ Մազերը սանրելիս անիծները չեն մաքրվում։
Գլխի ոջլոտության բուժումը ներառում է ոջիլների և անիծների մեխանիկական հեռացում (օգտագործելով կոնդիցիոներ, հատուկ շամպուններ և մանր ատամներով սանր) կամ քիմիական միջոցներ։
Հաջորդող դեպքերում մազերը մեկ կամ մի քանի անգամ պետք է օծել հատուկ դեղերով՝ խստագույնս հետևելով օգտագործման կանոններին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն