27/01/2024 19:36
Պուտինը Ռուսաստանի խոշոր ընկերություններին թույլատրել է իրենց գործունեության մասին տեղեկատվություն չհրապարակել
Տնտեսապես նշանակալի կազմակերպությունների ցանկում ընդգրկված ընկերությունները կարող են չհրապարակել իրենց գործունեության մասին տեղեկատվությունը կամ հրապարակել՝ միայն դաշնային կառույցների կողմից հարցում ստանալու դեպքում։ Խոշոր ընկերություններին այդպիսի հնարավորություն է տրվել Ռուսաստանի նախագահի հրամանագրով, որում էլ նշված է համապատասխան դրույթը՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների։
Փաստաթղթում նշվում է, որ տնտեսապես նշանակալի կազմակերպությունները կամ դրանց բաժնետերերը կարող են չենթարկվել «Բանկերի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» և այլ օրենքներով տեղեկատվության տրամադրման պահանջին, ինչի համար անհրաժեշտ է նախապես համապատասխան ծանուցում ուղարկել լիազորված դաշնային մարմիններին։
Իրենց գործունեության մասին տեղեկատվություն այդ ընկերությունները կարող են տրամադրել դաշնային կառույցներին՝ դրանց կողմից համապատասխան հարցում ստանալու դեպքում, սակայն այդ տեղեկատվությունը պետական տեղեկատվական կամ այլ հարթակներում հրապարակելն արգելվում է։
Ռուսաստանում տնտեսապես նշանակալի կազմակերպություն են համարվում այն ընկերությունները, որոնք էական նշանակություն ունեն երկրի տնտեսական ինքնիշխանության և անվտանգության համար։ Այդ ընկերությունների ցանկը կազմում է ՌԴ կառավարությունը, տնտեսապես նշանակալի են համարվում 75 միլիարդ ռուբլու և ավելի եկամուտ, 150 միլիարդ ռուբլու և ավելի ակտիվներ, 4 000 և ավելի աշխատակիցներ ունեցող ընկերությունները։