27/01/2024 19:02
«Դա տեղի կունենա 9 քայլ կատարելու դեպքում»․ ԵՄ դեսպանը՝ Վրաստանի անդամակցության մասին
Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ երկիրը առաջընթաց գրանցի դրա համար անհրաժեշտ 9 պայմանների կատարման հարցում, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին:
Դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովում Վրաստանին տրամադրվել էր ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։ Գագաթնաժողովում նշվել էր, որ Վրաստանը պետք է շարունակի կատարել բարեփոխումների 12 կետերից ևս 9-ը, որպեսզի անցնի հաջորդ փուլ՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների սկիզբ։
«Եվրահանձնաժողովը սահմանեց 9 քայլ և համաձայնեցրեց դրանք իր 27 անդամների հետ՝ դեկտեմբերին կայացած պատմական գագաթնաժողովի ժամանակ, երբ Վրաստանը ստացավ թեկնածուի կարգավիճակ: Այժմ մենք պետք է առաջ շարժվենք։
Սա Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին քրտնաջան աշխատանքի սկիզբն է միայն»,- ասել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ Վրաստանը հաջողությամբ կհասնի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի փուլին։
«Սակայն դա, կրկնեմ, տեղի կունենա նշված 9 բարեփոխումները կատարելիս գրանցված արդյունքների դեպքում»,- հավելել է նա։