27/01/2024 10:08
«Ժողովուրդ». Ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է վանաձորցի փաստաբան Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Մամուլը գրեց, որ նրա լոբբինգը ՔՊ-ում իրականացրել է պատգամավոր Արփի Դավոյանը, որն անձամբ է ԱԺ ամբիոնից ներկայացնելու թեկնածուին։ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ով է փաստաբան Կարեն Թումանյանը:
Նա 2023թ. մայիսի 25-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնում էր առաջադրվել, սակայն ՔՊ-ն մերժեց նրա թեկնածությունը: Հիմա Արփի Դավոյանը կրկին առաջ է բերել նույն Կարեն Թումանյանին, բայց էլի խնդիրներ են առաջացել: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվ ջանքերով անգլուխ մնացած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է բարեվարքության գնահատական տա Կարեն Թումանյանի մասով՝ դրական կամ բացասական: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ սկանդալային բացահայտում է արվել Կարեն Թումանյանի կենսագրության մեջ: Պարզվում է, որ 1976 թ. ծնված Թումանյանը, որի 18 տարին լրացել է 1994թ.-ին, պարտադիր զինվորական ծառյությունից ազատվել է ընտանեկան դրության հիմքով: Այսինքն՝ մինչ բանակ զորակոչվելը հասցրել է ունենալ 2 երեխա և այդ հիմքով, օրենքով սահմանված կարգով, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, կամ փաստաթղթերով ամուսնացել է այնպիսի կնոջ հետ, որն արդեն 90-ականներին երկու երեխա ուներ:
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։ Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչև զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, և հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 94թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել և ակնհայտորեն ունի փոքր կին և երեխաներ: Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել»։