27/01/2024 09:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ են ԲԴԽ-ից հեռանում իշխանության հետ սերտ կապեր ունեցող պաշտոնյաների հարազատները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչո՞ւ են ԲԴԽ-ից հեռանում իշխանության հետ սերտ կապեր ունեցող պաշտոնյաների հարազատները։ Տպավորություն է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նրանցից ազատվում է նախագահի պաշտոնը պինդ պահելու համար, իսկ որոշ անդամներ էլ խորհուրդն օգտագործում են դատական համակարգի «ամենայուղոտ» ատյանում հաստատվելու համար։
Խոսենք փաստերով։ ArmLur.am-ը գրել էր, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար Ազգային ժողովին է առաջարկվել ԲԴԽ-ի 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը։ Առաջարկվել են Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի, Երևան քաղաքի դատավոր Արման Օհանյանի և ՀՀ քաղաքացի Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները։ Այսինքն` ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գալու է ԱԺ և Վճռաբեկ դատավորների թեկնածուներին ներկայացնի ԱԺ-ին։ Ուշագրավն այն է, որ այս թեկնածուներից մեկը Արթուր Աթաբեկյանն է։
Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի և Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Տավուշի մարզպետի դատավոր ազգականը ցանկանում է լքել ԲԴԽ-ն։ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է, նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում պատգամավոր է «Իմ քայլը» խմբակցությունից։
Եվ, ահա, ստեղծվել է իրավիճակ, որ 2023թ. հոկտեմբերին Վճռաբեկ դատարան էին տեղափոխվել ԲԴԽ անդամներ Նաիրա Հովսեփյանը և Դավիթ Խաչատուրյանը, որը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է ու, ըստ դատական համակարգի, նրա և ԲԴԽ նախագահի ջրերը մեկ առվով չէին հոսում, և Կարեն Անդրեասյանը գործարքի գնաց ու նրան ուղարկեց Վճռաբեկ դատարան։ Ավելի վաղ ԲԴԽ արդեն նախկին անդամներ Լիպարիտ Մելքիջանյանը, Սերգեյ Չիչոյանն էին ԲԴԽ-ից տեղափոխվել Վճռաբեկ։ Ստացվում է, որ ԲԴԽ-ն որոշ դատավորների համար դարձել է «գործիք» սեփական կարիերան կառուցելու համար, իսկ ոմանց էլ ուղարկում են գործարքի արդյունքում, որ պինդ պահեն ԲԴԽ նախագահի դիրքերը»։