27/01/2024 09:46
«Հրապարակ». Ինչ մտքի է ուզում հանգեցնել ՔՊ-ականներին Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական կուսակցական քննարկումն է տեղի ունեցել՝ «պետություն-հայրենիք» թեմայով։ ՔՊ-ականներն աշակերտների պես հուզական ելույթներ են ունեցել` պատմելով, թե ինչու են սիրում պետությունը, որն է իրենց համար պետությունը, որն է հայրենիքը և այլն։ Նիկոլ Փաշինյանը ժամանակ առաջ է թիմում այս հարցը դարձրել օրակարգային և ամեն ինչ անում է, որ ՔՊ-ականներին հանգեցնի այն մտքին, որ հարկավոր է հրաժարվել Անկախության հռչակագրից, քանի որ դա խանգարում է պետություն ունենալու ՔՊ տեսլականին։ Նախօրեի հավաքին այլ թեմա էլ է արծարծվել. շարքային ՔՊ-ական Արմեն Խոջոյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ է ելույթ ունեցել` նշելով, որ չնայած մեր պատմության որոշ փուլերում պետության գործառույթը եկեղեցին իր վրա է վերցրել, սակայն այսօր եկեղեցու դերը պետք է զրոյացնել, բարձրացնել պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքը։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ից Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր արշավ են ուզում սկսել` ինչ-որ անհայտ «Վարդանանք» շարժման անվան տակ: Ֆեյսբուքում օրեր առաջ հայտարարություն էին տեղադրել, որ շուրջօրյա նստացույցեր են անելու Մայր Աթոռի բակում: Կան տեղեկություններ, որ այս շարժման նախաձեռնողների մեջ են 2019-ին եկեղեցու դեմ պայքարի ելած «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները, այդ թվում՝ իշխանական պատգամավորներ»։