28/01/2024 20:33
Առաջին բանը, որ պիտի փոխվի մեր բանակում, մտածողությունն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, պետք է արձանագրել` ավելի շատ խորհելու, բանակաշինության և անվտանգության ոլորտում մեր ունեցած խնդիրներին, ընդհուպ ձախողումներին առերեսվելու ժամանակ է, Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ առերեսումը մեզ պարտադրում է արձանագրել, որ չի կարելի շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը:
Առաջին բանը, որ պիտի փոխվի մեր բանակում, մտածողությունն է: Եվ այդ փոփոխությունը պետք է արտահայտվի ամեն նրբության մեջ` սկսած համազգեստից, շարունակած յուրաքանչյուր զինվորականի արտաքին տեսքով, շարունակած մշտական տեղակայման վայրերում առկա միջավայրից, սպառազինությունից ու տեխնիկայից, զինծառայողների աշխատավարձից և սոցիալական երաշխիքների համակարգից, զինծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների նկատմամբ մեր պահանջներից և յուրաքանչյուր զինծառայողի գաղափարական պատրաստվածության աստիճանից: Մենք սկսել ենք այս գործընթացը, բայց նաև չեմ կարող ասել, թե ընթանում ենք բավարար արագությամբ:
Ինչպես պետական համակարգի բազմաթիվ օղակներում, այստեղ էլ, կարծում եմ, արագության մասին մեր պատկերացումները պետք է փոխվեն: Բանակում նույնպես արագության մասին պատկերացումները պետք է փոխվեն, ու այստեղ խոսքը ոչ միայն բարեփոխումների արագության մասին է, այլև բանակի գործողությունների արագության: Այն, ինչ մենք արագություն են համարել նախկինում, հիմա անհույս կերպով դանդաղ է` սկսած իրադրության գնահատման արագությունից, շարունակած որոշումների կայացման, հրամանատրման և հրամանների կատարման արագությունը»,-հայտարարել է վարչապետը։