28/01/2024 20:12
Բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,
Պաշտպանության հարգելի նախարար, նախարարի տեղակալներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգելի զինծառայողներ, հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք մեր բանակի հիմնադրման 32-րդ տարեդարձը և այս օրը մենք նախևառաջ ծնկի ենք իջնում մեր այն զինծառայողների, կամավորների առաջ, ովքեր ընկել են Հայաստանի Հանրապետությանը տված իրենց երդմանը հավատարիմ մնալով:
Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, պետք է արձանագրել` ավելի շատ խորհելու, բանակաշինության և անվտանգության ոլորտում մեր ունեցած խնդիրներին, ընդհուպ ձախողումներին առերեսվելու ժամանակ է:
Այդ առերեսումը մեզ պարտադրում է արձանագրել, որ չի կարելի շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը:
Առաջին բանը, որ պիտի փոխվի մեր բանակում, մտածողությունն է: Եվ այդ փոփոխությունը պետք է արտահայտվի ամեն նրբության մեջ` սկսած համազգեստից, շարունակած յուրաքանչյուր զինվորականի արտաքին տեսքով, շարունակած մշտական տեղակայման վայրերում առկա միջավայրից, սպառազինությունից ու տեխնիկայից, զինծառայողների աշխատավարձից և սոցիալական երաշխիքների համակարգից, զինծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների նկատմամբ մեր պահանջներից և յուրաքանչյուր զինծառայողի գաղափարական պատրաստվածության աստիճանից: Մենք սկսել ենք այս գործընթացը, բայց նաև չեմ կարող ասել, թե ընթանում ենք բավարար արագությամբ:
Ինչպես պետական համակարգի բազմաթիվ օղակներում, այստեղ էլ, կարծում եմ, արագության մասին մեր պատկերացումները պետք է փոխվեն: Բանակում նույնպես արագության մասին պատկերացումները պետք է փոխվեն, ու այստեղ խոսքը ոչ միայն բարեփոխումների արագության մասին է, այլև բանակի գործողությունների արագության: Այն, ինչ մենք արագություն են համարել նախկինում, հիմա անհույս կերպով դանդաղ է` սկսած իրադրության գնահատման արագությունից, շարունակած որոշումների կայացման, հրամանատրման և հրամանների կատարման արագությունը:
Ռազմավարական առումով մենք ընթանում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ, և այս իմաստով «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը վերջին տարիների մեր ամենամեծ հաջողությունն է, որը հենց այսօր պրոֆեսիոնալ բանակի հիմքն ու անկյունաքարն է դառնում: Սա մի համակարգ է, որ ժամկետային զինծառայողներին հնարավորություն է տալիս դառնալ առնվազն 5 տարվա պայմանագրային զինծառայող, կամավոր ատեստավորման արդյունքում ստանալ 450 հազար, երբեմն 500 հազար դրամ և ավելի դրամ ամսական աշխատավարձ, ծառայել սեփական բնակավայրին մոտակա զորամասում և ծառայության ընթացքում ապրել տանը` որպես պրոֆեսիոնալ, իսկ հնգամյա ժամկետի ավարտին միանվագ ստանալ 5 միլիոն դրամ, անկախ նրանից` կցանկանա՞ ևս 5 տարով երկարացնել պայմանագրի ժամկետը, թե` ոչ:
Բայց նաև այս ֆոնին անհրաժեշտ եմ համարում ընդգծել` բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ: Որովհետև, երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ:
Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ: Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը: Այստեղ, իհարկե, իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կանգնում, մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողնենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը: