29/01/2024 17:09
Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է ներկայացրել։ Պաշտոնը լքելու հայտարարությունը նա արել է ուղիղ եթերում։
Նշենք, որ մինչ այդ վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի երկրի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի պաշտոնը, իսկ Իրակլի Կոբախիձեն, որն այսօրվա դրությամբ «Վրացական երազանք»-ի ղեկավարն է, կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։
««Իմեդի»-ի ունեցած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հունվարի 24-ին «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստում որոշվել է, որ կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին։ Մեր տեղեկություններով՝ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը կառաջադրվի երկրի վարչապետի պաշտոնում, իսկ կուսակցության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին»,- հայտնել էր հեռուստաընկերությունը։
Փոխատեղման պատճառն, ըստ «Իմեդի»-ի, Վրաստանում այս տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններն են։