29/01/2024 20:51
Կենտրոնական Ասիան Եվրամիության առանցքային գործընկերն է դառնում․ Բորել
Եվրամիությունը ցանկանում է ամրապնդել Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման հեռանկարներին նվիրված ներդրումային ֆորումում, որը տեղի է ունեցել Բրյուսելում։ Համաժողովին մասնակցել են Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ներկայացուցիչները։
Բորելը նշել է, որ մի քանի տարի առաջ Կենտրոնական Ասիայի երկրները «մեկուսացած էին», այնինչ այժմ «իրադարձությունների կենտրոնում են»։
«Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական միջավայրում Կենտրոնական Ասիան ԵՄ-ի համար առանցքային գործընկեր է դառնում։ Նախկինում էլ եմ ասել, որ 4 տարի առաջ, երբ ես նոր էի սկսել աշխատանքս Բրյուսելում, Կենտրոնական Ասիան մի փոքր մեկուսացած էր, իսկ հիմա բոլոր իրադարձությունների կենտրոնում է»,- ասել է նա։
Ժոզեպ Բորելը հայտարարել է նաև, որ այդ տարածաշրջանի հետ համագործակցության ընդլայնմամբ ԵՄ-ն ցանկանում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ավելի արդյունավետ իրականացումն ապահովել։
«Իր սկզբունքները պաշտպանելու համար ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նկատմամբ, սակայն ռաազմական գործողություններն Ուկրաինայում ավելի մեծ ծավալի են հասել, մենք թունելի վերջում լույս չենք տեսնում։ Որպեսզի սահմանափակումներն արդյունավետ գործեն, մեզ անհրաժեշտ է գործընկերների կողմից լիարժեք համագործակցություն։ Մենք ուշադիր հետևում ենք ԵՄ-ի, Կենտրոնական Ասիայի երկրների և Ռուսաստանի միջև առևտուրին՝ փորձելով վերլուծել մեխանիզմը, որը թույլ է տալիս շրջանցել մեր սահմանած պատժամիջոցները։ Եվ մենք պետք է այդ ոլորտում ընդլայնենք համագործակցությունը, միջազգային գործընկերությունը մեզ անհրաժեշտ է՝ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար»,- ասել է Բորելը՝ դիմելով Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչներին։