29/01/2024 16:23
Ռուսաստանի ԿԸՀ-ն Պուտինին գրանցել է որպես նախագահի թեկնածու
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է 2024 թ. մարտին կայանալիք ընտրություններում նախագահի թեկնածու:
«1952 թվականին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու գրանցել 2024 թ. հունվարի 29-ին՝ ժամը 11:23-ին», - ասվում է ԿԸՀ-ի նիստում ընդունված որոշման մեջ։
Բացի այդ, ԿԸՀ-ն ևս 198 մարդու միաձայն հաստատել է որպես նախագահ Պուտինի վստահված անձ։ Քաղաքական գործիչն, ընդհանուր առմամբ, ունի 544 գրանցված վստահված անձ։
Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թ. մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Ներկա դրությամբ Ռուսաստանի ղեկավարի պաշտոնին հավակնում է 11 մարդ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի վաղ գրանցել էր նախագահի երեք թեկնածուի՝ Լեոնիդ Սլուցկիին, Նիկոլայ Խարիտոնովին և Վլադիսլավ Դավանկովին։ Քանի որ երեքն էլ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ են, ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար ի աջակցություն նրանց ստորագրահավաքի կարիք չի եղել։
Արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններից առաջադրված թեկնածուները՝ Սերգեյ Մալինկովիչը, Բորիս Նադեժդինը, Անդրեյ Բոգդանովը, Սերգեյ Բաբուրինը, Իրինա Սվիրիդովան, պետք է մինչև հունվարի 31-ը ներկայացնեն առնվազն 100 հազար ստորագրություն։ Նրանցից հունվարի 29-ի դրությամբ ԿԸՀ ստորագրությունների թերթիկներ է ներկայացրել «Ռուսաստանի կոմունիստների» առաջնորդ Մալինկովիչը։
Ինքնաառաջադրված թեկնածուները՝ Վլադիմիր Պուտինը, Ռադա Ռուսկիխը և Անատոլի Բատաշևը, պետք է հավաքեն առնվազն 300 հազար ստորագրություն։ ԿԸՀ-ն պետք է բոլոր թեկնածուներին գրանցելու մասին որոշում ընդունի փետրվարի 10-ից ոչ ուշ։