29/01/2024 19:42
«Ամեն ինչ անում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «խաղաղության պայմանագիր» կնքելու շուրջ Ադրբեջանի հետ վարվող բանակցություններին` ասել է, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված։ Այդ մասին հայտնում են խորհրդարանից։
Հաղորդագրությունում նշված է․
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Միջխորհրդարանական միությանը` տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ներգրավվածության համար:
Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԱԺ պատվիրակությունը մշտապես եղել է Միջխորհրդարանական միության ակտիվ անդամներից մեկը, որի պատգամավորները ներկայացված են կազմակերպության տարբեր մարմինների ղեկավար կազմերում:
Անդրադառնալով Խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ Ադրբեջանի հետ վարվող բանակցություններին` ԱԺ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված եւ բաց է այն քննարկումների համար, որոնք կնպաստեն փաստաթղթի ստորագրման գործընթացին:
«Հայաստանը ժողովրդավար երկիր է, սա այլեւս հաստատված փաստ է: Մենք ամեն ինչ արել եւ անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Մարտին Չունգոնգը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը խաղաղության հաստատման բանակցություններում եւ նշել, որ Միջխորհրդարանական միությունն ամեն կերպ կաջակցի Խաղաղության պայմանագրի կյանքի կոչմանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումին, որն անցկացվելու է 2024 թվականին` Հայաստանում»: