29/01/2024 11:51
Հայկական կողմը շահագրգռված է Իրանի հետ ջրամբարաշինության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու շուրջ
ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։
ՏԿԵ փոխնախարարը կարևորել է Իրանի հետ համագործակցության զարգացումը ճանապարհաշինության, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում։
Տերտերյանը նշել է, որ տարիների ընթացքում ՀՀ մարզերի և Իրանի նահանգների միջև սերտ համագործակցություն է եղել և այժմ էլ այդ համագործակցությունը ներառված է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների օրակարգում։
Իրանի դեսպան Սոբհանին նշել է, որ Հայաստանը ջրային ռեսուրսների առումով հարուստ երկիր է։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանն էլ իր հերթին ջրամբարների կառուցման ոլորտում աշխարհի տասն առաջատար երկրների ցանկում է և կարող է օգտակար լինել նաև Հայաստանին։ Դեսպանը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունի ՀՀ ՏԿԵ նախարարությունը ջրամբարաշինության հետ կապված։
Փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ջրամբարաշինության ընդարձակ ծրագիր է ներկայացրել, ոռոգման համակարգում ևս իրականացվում են ներդրումային ծրագրեր։
ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, մանրամասնելով ՀՀ կառավարության ծրագիրը, նշել է, որ խոսքը 15 նոր ջրամբարների կառուցման մասին է, սակայն դիտարկվում են նոր ջրամբարներ ևս։ 15-ից 6-ի աշխատանքներն արդեն մեկնարկել են, 3-ը ավարտական փուլում է՝ մինչև աշուն կհայտարարվեն շինարարական մրցույթներ, 9-ը դեռևս ուսումնասիրվում է։
Վաչե Տերտերյանն, ամփոփելով հանդիպումը, նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է Իրանի հետ ջրամբարաշինության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու շուրջ։