29/01/2024 21:07
Ղազախստանն իր 22 օդանավակայաններն ու երկու նավահանգիստները պատրաստ է հանձնել եվրոպացիների կառավարմանը
Ղազախստանը պատրաստ է եվրոպացի ներդրողների կառավարմանը փոխանցել երկրի ավելի քան 20 օդանավակայանները, հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը՝ ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման հեռանկարներին նվիրված ներդրումային ֆորումում, որը տեղի է ունեցել Բրյուսելում։
Համաժողովին մասնակցել են Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ներկայացուցիչները։
Ղազախստանի տրանսպորտի նախարարը նշել է, որ երկրի խոշորագույն՝ Աստանայի և Ալմաթիի օդանավակայանները արդեն իսկ հանձնված են արտասահմանյան հոլդինգների կառավարմանը։
«Մենք պատրաստ ենք Ղազախստանի մնացած 22 օդանավակայաններն էլ փոխանցել մասնավոր հատվածին՝ եվրոպացի ներդրողների կառավարմանը։ Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ հանգույց դառնալու մեծ ներուժ ունենք»,-ասել է նա։
Կարաբաևը հավելել է, որ երկրի իշխանությունները համաձայն են եվրոպական ընկերությունների կառավարմանը հանձնել նաև Կասպից ծովի ափին գտնվող Ակտաու և Կուրիկ նավահանգիստները՝ սեփանականաշնորհման հնարավորությամբ։
«Առաջարկում ենք պայմանագիր կնքել Միջին միջանցքի մասնակիցների և ԵՄ-ի միջև»,- նշել է նա։