29/01/2024 18:00
«QR կոդ չունենալը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»․ Զգուշացում բենզինի, գազի լցակայաններին
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարվել են փոփոխություններ: Օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանվում է, որ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները (ըստ հասցեների) պարտավոր են ունենալ չափագիտության բնագավառում իրենց մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների, արդյունքների մասին տեղեկատվություն պարունակող արագ արձագանքման QR կոդ:
Կոդի տեղեկատվական ապահովումն ու դրա տրամադրումն իրականացվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից: Տրամադրված կոդը տնտեսվարող սուբյեկտը պարտավոր Է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ նախապես համաձայնեցնելով` տեղադրել լիցքավորման բաշխիչ աշտարակների կամ վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա՝ ընթեռնելի և վարորդին տեսանելի հատվածում:
Օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսված QR կոդ չունենալը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 45-րդ մասով առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է ՝ իրենց կողմից շահագործվող առևտրի կետերը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել QR կոդերով՝ այցելելով Շուկայի վերահսկողության տեսչական մարմին (Կոմիտաս 49/2)»: