30/01/2024 21:42
Միջնախասրտային միջնապատի կառուցվածքային խանգարում․ հայտնաբերվում է միայն սրտի ՈՒՁՀ-ի ժամանակ
Բաց օվալ անցքը սրտի միջնախասրտային միջնապատի կառուցվածքային խանգարում է, որը չափազանց տարածված երևույթ է:
Օվալ անցքը ներարգանդային կյանքում բաց է: Այն թթվածին հասցնող, պտղի կյանքը ապահովող ճանապարհներից մեկն է, քանի որ այդ շրջանում պտուղը չի շնչում թոքերով։
Ծնվելուց հետո, առաջին շնչի հետ, թոքերը լցվում են թթվածնով, թոքային արյան շրջանառությունը սկսում է գործել, և օվալ անցքի անհրաժեշտությունը վերանում է: Տեղի է ունենում անցքի փակում, և արյան հոսքը անցքով վերանում է։
75% դեպքերում օվալ անցքը փակվում է ծնվելուց անմիջապես հետո կամ նորածնային շրջանում, 70-75% դեպքերում՝ մինչև 2 տարեկանը այն երեխաների մոտ, ում օվալ անցքը մնացել էր բաց նորածնային շրջանում։
Թէ ինչու է օվալ անցքը բաց մնում և շարունակում գործել չափահաս մարդկանց 25-30%-ի մոտ, չկա հիմնավոր բացատրություն. Այն հիմնականում կախված է օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։
Ի տարբերություն միջնախասրտային միջնապատի դեֆեկտի, բաց օվալ անցքը չի համարվում սրտի արատ, քանի որ չկա հյուսվածքի անբավարարություն, այլ կա միայն նախասրտային միջնապատի երկու շերտերի միաձուլման խանգարում։
Բաց օվալ անցքը չի ուղեկցվում որևէ գանգատով. մարդը չի զգում դրա առկայությունը, և այն հայտնաբերվում է միայն սրտի ՈՒՁՀ ժամանակ, այն էլ՝ ոչ միշտ։
Բաց օվալ անցքի հետ կապված կարող են լինել հետևյալ ախտաբանական վիճակները.
Ամենահաճախ հանդիպողը միգրենոզ գլխացավերն են։
Հետազոտությունները ցույց են տվել, որ առավելապես աուռայով ընթացող միգրենով տառապող հիվանդների 40-60%-ն ունի ԲՕԱ:
Կա մի հայտնի ասոցիացիա ԲՕԱ -ի և դեկոմպրեսիոն –կեսոնային հիվանդության հետ, երբ ջրասույզի մոտ ջրի երես բարձրանալուց հետո առաջանում է աղմուկ ականջներում, լսողության կորուստ, սրտխառնոց, փսխում, ճանաչողական և նույնիսկ վարքային խանգարումներ։
Որոշ մարդկանց մոտ ԲՕԱ արտահայտումը կարող է լինել իշեմիկ ինսուլտով. թրոմբը օվալ անցքով անցնելիս կարող է հայտնվել գլխուղեղի անոթներում և խցանել նրանցից որևէ մեկը։
Ախտորոշումն իրականացվում է էխոսրտագրության միջոցով։
Բաց օվալ անցքը չեն բուժում, քանի որ բացարձրակ մեծամասնության մոտ ամբողջ կյանքի ընթացքում այն ոչ մի լուրջ առողջական խնդիր չի առաջանում։ Բացի դրանից, չի ազդում կյանքի որակի և ֆիզիկական ակտիվության վրա։
Համաձային սպորտային բժշկության միջազգային ուղեցույցերի՝ ԲՕԱ դեպքում թույլատրվում է զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով՝ բացառությամբ դայվինգի։
Վիրահատական միջոցով օվալ անցքի փակումը արվում է խիստ ցուցումով՝ կրիպտոգեն իշեմիկ ինսուլտ տարած հիվանդների, ջրային փրկարարների և պրոֆեսիոնալ դայվինգով զբաղվողների պարագայում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն