30/01/2024 13:24
Իլոն Մասկի «Neuralink» ընկերությունն առաջին անգամ նեյրոչիպ է ներդրել մարդու ուղեղում
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի «Neuralink» նեյրոտեխնոլոգիական ընկերությունը հունվարի 28-ին առաջին անգամ նեյրոչիպ է ներդրել մարդու ուղեղում, որը ստեղծված է մտքերի օգնությամբ գաջեթներ օգտագործելու համար։
«Երեկ առաջին մարդը ստացել է «Neuralink» իմպլանտը, վիրահատությունից հետո վերականգնումը լավ է ընթանում։ Առաջին օգտատերերը կդառնան այն մարդիկ, ովքեր կորցրել են իրենց վերջույթների վերահսկողությունը», - գրել է Մասկը` X-ի իր միկրոբլոգում։
Մասկը հավելել է, որ «Neuralink»-ի առաջին արտադրանքը կոչվում է Telepathy (Տելեպատիա): Այն թույլ կտա մարդուն մտքի ուժով կառավարել հեռախոսն ու համակարգիչը։
«Neuralink»-ը 2023 թվականի սեպտեմբերին սկսել է կամավորների հավաքագրումը՝ չիպերի փորձարկման համար:
Փորձարկումների ընթացքում հիվանդներին ներդրել են նեյրոինտերֆեյս (BCI)՝ միկրոչիպ՝ մտքի ուժով արտաքին սարքերը կառավարելու համար։ Հիվանդները հնարավորություն կունենան մտովի կառավարել համակարգչի մկնիկի կուրսորը կամ ստեղնաշարը։ Փորձարկման գործընթացը կտևի մոտ վեց տարի: Մինչ այդ, չիպի հետազոտություններն անցկացվել են կենդանիների վրա։