30/01/2024 19:10
Ես կշարունակեմ պաշտոնավարել․ Ավինյան
ՔՊ-ի պատգամավորների հետ 4 ժամից ավելի տևած հանդիպումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողներին հավաստիացրեց՝ իր պաշտոնանկության հարցը չի քննարկվել, ինքը շարունակում է լինել «թիմի անդամ»։
«Ձեր աշխատանքից դժգոհությունները շա՞տ էին»,- հետաքրքրվեցին լրագողները։ Ի պատասխան Ավինյանը ասաց՝ իր գործընկերները բարձրաձայնել են դժգոհություններ, որոնք ստացել են քաղաքացիներից։
«Բայց հիմնական քննարկումը ավելի ինստիտուցիոնալ խնդիրների մասին էր»,- խոսքը շարունակեց նա։
Ավինյանը իր աշխատանքի նկատմամբ ՔՊ-ականների վստահությունն էլ բնորոշեց․
«Մենք մի թիմ ենք, և եթե թիմը որոշել է, որ Երևանի քաղաքապետի թեկնածուն ես եմ, ապա կարծում եմ՝ վստահում են, նաև վերահաստատվել է այդ որոշումը»։
Հարցին՝ կշարունակե՞ք պաշտոնում մնալ, Ավինյանը պատասխանեց՝ այո, ես կշարունակեմ պաշտոնավարել։