30/01/2024 16:00
12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում. ԿԲ նախագահ
Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների և նախորդ տարիներին իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության պայմաններում պահպանվում է ցածր գնաճային միջավայրը։
Վերջինս շարունակում է արտահայտվել նաև աշխատանքի շուկայում աշխատավարձերի աճի տեմպի և գնաճային սպասումների որոշակի նվազմամբ։ Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել քաղաքականության տոկոսադրույքը»,-հայտնեց Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու պահանջարկի կարգավորում և գնաճային սպասումների կայունացում։
12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, աստիճանաբար կավելանա, միջնաժամկետում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ։