30/01/2024 15:41
Ոստիկանները կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքեր են բացահայտել
Հունվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձինք Ողջաբերդ գյուղում կրակել են իր որսորդական շների վրա:
Դեպքի վայր ոստիկանության Գառնիի բաժանմունքից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ ժամը 12.40-ի սահմաններում Ողջաբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ անհայտ անձը կրակել էր որսորդական երկու շների վրա, ինչի արդյունքում շներից մեկը սատկել էր:
Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված արարքը կատարել է Ողջաբերդ գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք 12 մմ տրամաչափի որսորդական երկփողանի հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հաջորդ դեպքը գրանցվել է հունվարի 29-ի գիշերը:
Արտաշատ քաղաքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները ժամը 24.30-ի սահմաններում նկատել են, որ Օգոստոսի 23-ի փողոցի կենտրոնական կանգառի հարակից տարածքում մի քաղաքացի շանը մի քանի անգամ խփել է գետնին, ապա փորձել խեղդամահ անել: Պարեկների կողմից կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը կանխվել է, իսկ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը. 33-ամյա երիտասարդը Արևաբույր գյուղի բնակիչ էր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: