30/01/2024 21:15
Վահե Ղազարյանը Պոլիտեխնիկի շրջանավարտներին ներկայացրել է ոստիկանությունում կարիերայի հեռանկարները
ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․
«Հունվարի 30-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների հետ։
Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարարը կարևորել է ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպումները՝ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում նոր կադրեր ներգրավվելու տեսանկյունից, և ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու անդրադարձել Քրեական ոստիկանության ձևավորման աշխատանքներին։
Վահե Ղազարյանը կարևորել է ստեղծվող ստորաբաժանումը նոր կադրերով համալրելը և ներկայացրել կարիերայի հեռանկարները։ Նա խոսել է նաև ՆԳՆ կրթահամալիրում հնգամսյա ուսուցման, սոցիալական երաշխիքների և ծառայության ուղղությունների մասին։
Նոր ձևավորվող Քրեական ոստիկանության, նպատակի և ընդունելության մասին են խոսել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն ու ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Արշակ Արշակյանը։
Հանդիպման ընթացքում կայացել է ակտիվ քննարկում։ Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսներին։ Հարցերը հիմնականում վերաբերում էին կիբերհանցավորության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև Քրեական ոստիկանությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներով համալրելով՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելուն։
Հիշեցնենք, որ հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքն ու ինտենսիվությունը՝ Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի համար փաստաթղթերի ներկայացման սահմանված ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 1-ը։
Դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցույթային տեղ: Մրցույթային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը»։