31/01/2024 13:19
«Հրեշավոր արարք». ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը՝ «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանի պղծման մասին
Հայաստանում Բելառուսի դեսպանությունը հայտարարություն է տարածել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաների» հուշարձանի պղծման կապակցությամբ։
«Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանությունը 2024 թվականի հունվարի 27-ին Երևանի «Պաշարված Լենինգրադի երեխաների» հուշարձանի մոտ տեղի ունեցածը համարում է հրեշավոր գործողություն։
Մեր երկրում ամեն տարի անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված ֆաշիստական շրջափակումից Լենինգրադի ազատագրմանը և հարգանքի տուրք է մատուցվում շրջափակման վետերաններին, ովքեր 1944 թվականի հունվարի 27-ը կոչում են «Լենինգրադի մեր հաղթանակի օր»: Ցավով ենք արձագանքում ցանկացած քայլի, որն ուղղված է ազգամիջյան ատելություն սերմանելուն և ռազմական իրադարձությունների պատմության վերաձեւմանը, որոնք խլել են յուրաքանչյուր երրորդ բելառուսցու կյանքը։
Դեսպանությունը խստորեն դատապարտում է վանդալիզմի անբարեխիղճ արարքը և եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը պառակտելու փորձերը։ «Մենք վստահ ենք, որ մեր ընդհանուր հերոսական անցյալը նպատակ ունի ծառայելու որպես համախմբող գործոն և բարոյական ուղեցույց ներկա և ապագա սերունդների համար: Մենք հույս ունենք, որ Հայաստանի պետական կառույցները պատշաճ կարձագանքեն և մեղավորներին պատասխանատվության կենթարկեն»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել էր քաղաքացի Սամվել Շիրինյանի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նա պոկում ռուսական եռագույնով ժապավենները, տրորում դրանք և տապալում հուշարձանին դրված ծաղկեպսակները:
Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր Հայաստանի գլխավոր դատախազություն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել։
Երևանում պղծման հետ կապված քրեական գործ հարուցելու մասին հանձնարարական է տվել նաև Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը: