31/01/2024 16:03
«Դդմիկ հեռացի՛ր»․ պահանջում են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը (Տեսանյութ)
«Դդմիկ հեռացի՛ր» վանկարկումով ԿԳՄՍ նախարարության դիմաց են հավաքվել «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման անդամները։
Շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվանից սկսում են բողոքի միջոցառումների շարքը և հույս ունեն, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաժարական կտա և գոնե այս ոլորտը կկարգավորվի։
«Պահանջում ենք վերափոխվեն և նորից գրվեն բոլոր դասագրքերը՝ սկսած «Հայ գրականությունից», նաև «Հայոց պատմությունը»։ Պահանջում ենք նաև կառավարությունից հետ վերցնեն այն անհիմն որոշումը, որ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանեն։ Սա պարտիզանական պատերազմ է ընդդեմ այն իշխանության, որը դավաճանում է հայ ժողովրդին»,-ասաց նա։
Վազգեն Պետրոսյանը նշեց, որ զուգահեռաբար հայտարարում են ծաղրանկարի մրցույթ՝ դդմիկի թեմայով։
«Մեր կառավարությունը բանջարաբոստանային կառավարություն է, և գլխավոր բուսաբանը, բացի բանջարներից, իր շուրջը չի ուզում ուրիշ կենդանի բերել։ Դդումը գնաց, դդմիկը եկավ, այս թեմայով հայտարարում ենք մրցույթ»,-ասաց նա։