31/01/2024 12:06
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է. Զատուլին
Լեռնային Ղարաբաղում, իսկապես, Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է տեղի ունեցել՝ «աշխարհում, միջազգային կազմակերպություններում ով ինչ էլ, որ ասի». այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ «էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է»։
«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը լքել է տները այն հողում, որն իրենց հայրենիքն է», - հավելել է Զատուլինը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը՝ Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ:
«Ցանկալի կլիներ, որ Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ որոշ փաստեր ներկայացվեին։ Եթե Երևանի համար հեղինակավոր համարվող որևէ միջազգային կազմակերպության (օրինակ՝ ՄԱԿ-ը կամ որևէ այլ) կողմից որևէ փաստաթուղթ, հայտարարություն կա, որը ցույց է տալիս, որ նման էթնիկ զտումներ են տեղի ունեցել, խնդրում ենք տրամադրել մեզ այդ փաստաթղթի հղումները», - ճեպազրույցի ժամանակ ասել էր Զախարովան: