31/01/2024 22:04
Անի Իսպիրյանը Հայաստան էր հրավիրվել սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից նախօրեին ազատված և այսօր ձերբակալված 31-ամյա Անի Իսպիրյանը Հայաստան էր հրավիրվել 2020 թվականին՝ ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով: Մինչ այդ նա բնակվում էր Մոսկվայում և որպես փորձագետ աշխատում էր ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության և պետական կառավարման ռուսական ակադեմիայի արտաքին կապերի եւ արարողակարգի վարչությունում, գրել է News.am-ը։
Նախքան փոխնախարար նշանակվելը՝ 2020-2021թթ․ Իսպիրյանը հանդիսացել է «իԳործ» ծրագրի փորձագետը: «իԳործ»-ի շրջանակներում սփյուռքահայ մասնագետները պետական մակարդակով հրավիրվում են աշխատանքի ՀՀ կառավարությունում և այլ գերատեսչություններում:
News.am տեղեկություններով՝ փոխնախարարի աշխատանքից դժգոհ է եղել անձամբ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես 2023 թվականի դեկտեմբերին, երբ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության գործունեության հաշվետվությունը քննարկելու, զեկույցով է հանդես եկել նաև Անի Իսպիրյանը: Վերջինս, սակայն չի կարողացել պատասխանել իր համակարգման տիրույթում գտնվող ոլորտներին առնչվող հարցերին, ինչը վրդովվեցրել է Փաշինյանին: Նա արձանագրել է, որ «ոչ կոմպետենտ» անձ է նշանակվել նման պատասխանատու պաշտոնի և հորդորել է նախարար Քերոբյանին՝ առաջարկել փոխնախարարին ազատման դիմում գրել: Սակայն, հաշվի առնելով նախարարության ծանրաբեռնվածությունը և ընթացիկ կատարողականի ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև հարմար փոխարինող չգտնելու հանգամանքը, կառավարությունում որոշել են, այնուամենայնիվ, չշտապել:
Սակայն նախօրեին ԱԱԾ-ից Փաշինյանին զեկուցել են Իսպիրյանի՝ անօրինական գործարքներին մասնակցության մասին, ինչից հետո նրան աշխատանքից ազատելու որոշում է կայացվել:
Ուշագրավ է, որ «անսպասելի» պաշտոնանկությունից երկու շաբաթ առաջ նույն այս փոխնախարարը կառավարության նիստին ներկայացրել էր «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը ՀՀ կառավարությանը նվիրաբերելու աղմկահարույց որոշման նախագիծը, որն, ըստ մասնագետների, լի է անորոշ ձևակերպումներով, իսկ բուն գործարքն, ըստ փորձագետների, կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Հիշեցնենք, որ այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել էր, որ Անի Իսպիրյանն իրեն ասել է, թե ամուսինն աշխատանք է ստացել Հոլանդիայում, իրենք պատրաստվում են տեղափոխվել։ Եվ տեղափոխվելուց մի քանի օր առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել: