31/01/2024 17:15
Կապուչինո և գինի սիրող լուռ մեծամասնությունն օգնում է պոպուլիստներին իշխանության գալ. Հովհաննես Նիկողոսյան (Տեսանյութ)
«Պոպուլիզմն այն գործիքակազմն է, որի շնորհիվ որոշ քաղաքական հոսանքներ, առաջնորդներ, երբեմն նաև քաղաքական գործիչներ կարողանում են անհնարը հնարավոր դարձնել, ժողովրդի կամքը ճկել այնքան, որքան բավարար է իրենց՝ իշխանության գալու համար, տալիս են ականջահաճո, հանրահաճո խոստումներ՝ մարդկանց ապակողմնորոշելու համար, տեղեկատվական քաոտիկ հոսքեր են ստեղծում՝ զբաղեցնելով հանրության ուշադրությունը, որպեսզի մարդիկ չկարողանան կենտրոնանալ, մտածել՝ իրենց տրված խոստումներն իշխանությունն իրագործու՞մ է, թե՞ ոչ»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքական գիտությունների թեկնածու Հովհաննես Նիկողոսյանը։
«Պոպուլիստները համակարգերի դեմ են, իրենք, իբրև թե, որպես ժողովրդի կամքն արտահայտողներ, կարիք չունեն միջնորդների, ինստիտուտների՝ ժողովրդի ցանկությունները հասկանալու համար, ուղիղ կառավարման միջոցով են իրականացնում ժողովրդի իղձերը։
Բոլոր երկներում գոյություն ունի լուռ մեծամասնություն. մարդիկ են, որոնք ընտրություններին կամ մասնակցում են, կամ չեն մասնակցում, քաղաքականությամբ, ամենօրյա քաղաքական դիսկուրսով չեն հետաքրքրվում։ Նրանք տնտեսության շարժիչ ուժն են, որովհետև աշխատում են, զբաղված են, գինի են շատ սիրում կամ կապուչինո, և պոպուլիստները, օգտվելով այս մեծամասնության լռությունից, հեշտորեն խոսում են նրա անունից՝ հռչակելով, թե հենց իրենք են մեծամասնության ներկայացուցիչը»։
Պոպուլիստներին հակազդելու համար կարևոր է ինստիտուտների դերը. որքան ամուր լինեն ինստիտուտների հիմքերը, այնքան պոպուլիստների շարունակականությունը հարցականի տակ կդրվի։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում