31/01/2024 20:34
Հայաստանում իշխանության են պոպուլիստները, իրենք դա չեն էլ թաքցնում. Հովհաննես Նիկողոսյան (Տեսանյութ)
«Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ոչ մի չափանիշով հասարակ ժողովրդի ներկայացուցիչ չի կարող լինել, բայց իր քաղաքական կարիերան այնպես է կառուցել, որ հասարակ լոնդոնցին, միջին վիճակագրական քաղաքացին իրեն ասոցացնի Ջոնսոնի հետ։ Հեծանիվով է աշխատանքի գնացել, էքստրավագանտ վարք է ունեցել, և մարդիկ սկսել են նրան հակադրել կուսակցությունների առաջնորդներին, քաղաքական գործիչներին։ Նույնը վերաբերելի է նաև Թրամփին. նա իր խոսույթով է, ըստ էության, նվաճել հանրության համակրանքը»,- «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է քաղաքական գիտությունների թեկնածու Հովհաննես Նիկողոսյանը։
«Պոպուլիստները դեմ են բազմակարծությանն ու բազմակուսակցականությանը և իշխանության գալիս են՝ բաժանարար գծեր դնելով, բևեռացնելով, ի վերջո, ամայացնում են քաղաքական դաշտը։ Շատ ավելի հեշտ է ժամանակին այնպես գործել, որ հնարավորության չտրվի պոպուլիստներին իշխանության հասնելու. կանխելն ավելի հեշտ է, քան հետո իշխանությունից հեռացնելը։ Մի շարք երկրներում պոպուլիստները ոչ միայն չեն կարողանում իշխանության գալ, մի բան էլ պարտվում են՝ ինչպես Ֆրանսիայում, Լեհաստանում։
Հայաստանում իշխանությունը պոպուլիստական է, չեմ կարծում, թե իրենք դա թաքցնում են։ Իրենք ինստիտուտների դեմ պայքարելով՝ իրենց «ինստիտուտները» ստեղծեցին, որոնց ապավինելով էլ կարողանում են մնալ իշխանության»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում