31/01/2024 12:33
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում՝ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում. ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Ոչ միայն Չեխիան, այլ նաև մեր միջազգային բոլոր գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստանը բազմիցս շեշտել է, որ պատրաստ է և ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար, բայց մենք տեսնում ենք, որ մեր հարևան երկիրը այդ առումով այդքան աչքի չի ընկնում և միջազգային հանրությունը պետք է հստակ արձագանքի այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են այդ խաղաղությունը հաստատելու տապալմանը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է տարբեր միջազգային հարթակներում առաջարկվող հանդիպումներից, և ես պետք է ասեմ, որ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս ժամանակահատվածում Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում՝ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում, այն պարագայում, որ քաղաքական ցանկության դեպքում ես չեմ տեսնում որևիցե կտրուկ պատճառ, որը կարող է խանգարել խաղաղության համաձայնագիրը իրականացնել հավասարության և այն բոլոր սկզբունքների վրա, որոնք հուլիսին Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել են Ադրբեջանի նախագահի և վարչապետի հետ: Մենք չենք հասկանում, թե ինչպես կարելի է գալ համաձայնության, ունենալ հայտարարություն և մինչ օրս այդ հիմանարար սկզբունքների հիման վրա չունենալ խաղաղության համաձայնագիր»,-նշեց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նաև ավելացրեց, որ ՀՀ-ն շարունակելու է ջանքերը՝ խաղաղության հաստատման ուղղությամբ. «Այլևս երկրորդ կարծիք չկա, որ ժողովրդավարության հարցում մենք առաջատար ենք և մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ քայլերը, մենք ունենք մեր գործընկերների աջակցության կարիքը էլ ավելի խորացնելու այդ ուղղությունը և կարծում ենք, որ մենք կհաջողենք թե՛ խաղաղության, թե՛ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ մեր քայլերում»։