31/01/2024 09:33
«Ժողովուրդ». Ինչի վրա են ծախսվել միլիարդները, երբ ահազանգերը քաղաքացիներից չեն դադարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին մինչ այս փոխանցվել է 170 մլրդ 890 մլն 900 հազար դրամ գումար։ Ցույց տանք՝ ինչպես։ ՀՀ կառավարությունը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բռնի տեղահանված արցախցիների համար աջակցության ծրագրի շրջանակներում նրանց տրամադրեցին 100 հազար դրամ միանվագ և 40 000+10 000 դրամ։ Ծրագրի իրականացման ընթացքում խնդիրներից խուսափել չստացվեց։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի ընտանիքներ կան, որոնք չեն ստացել նշված հատկացումները դեռ հոկտեմբեր ամսից։ Հարց է առաջանում՝ արդյոք 11 մլրդ պարտք ունեցող պետությունը կկարողանա ինտենսիվորեն փոխհատուցել արցախցիներին այն դեպքում, երբ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը, 2024 թվականի բյուջեի համաձայն, կկազմի 340 մլրդ դրամ։
ArmLur.am-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից ի վեր հաշվառվել են ավելի քան 115 հազար 500 անձ։ Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո 170 մլրդ 890 մլն 900 հազար դրամ է փոխանցվել արցախահայերին օգնելու համար գործընկեր երկրներից և միջազգային կազմակերպություններից։ Այսպես, Ճապոնիայի կողմից արցախահայերին տրամադրվել է 2 միլիոն դոլար, որը համարժեք է 820 մլն դրամի, ԱՄՆ-ի կողմից տրամադրվել է 11 մլն դոլար, որը համարժեք է 4 մլդ 716 մլն դրամի, Եվրահանձնաժողովի կողմից փոխանցվել է 10.4 մլն եվրոյին համարժեք 4 մլդ 506 մլն դրամ, Լատվիայի կողմից հատկացվել է 350 հազար եվրոյին համարժեք 151 մլն դրամ, Շվեյցարիայի կողմից տրամադրվել է 1,5 մլն ֆրանկին համարժեք 675 մլն դրամ, Կանադայի կողմից տրամադրվել է 2,5 մլն դոլարին համարժեք 1 մլդ 25 մլն դրամ. ստացվում է 155 մլրդ 893 մլն դրամ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայկական Կարմիր խաչին է փոխանցվել 62 մլն դրամ: ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ բռնի տեղահանված արցախցիներին աջակցելու համար ընդհանուր առմամբ կփոխանցվի 4 միլիարդ 67 միլիոն 900 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ 1 մլրդ 500 մլն դրամ, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ՝ 1 մլրդ 375 մլն դրամ, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա՝ 920 մլն դրամ, Շվեյցարական Կարմիր խաչ՝ 190 մլն դրամ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն՝ 82 մլն ՀՀ դրամ:
Հետաքրքիր է՝ ինչի վրա են ծախսվել այս միլիարդներն այն դեպքում, երբ ահազանգերը քաղաքացիներից չեն դադարում. նրանք ամիսներ շարունակ չեն ստացել սոցիալական աջակցությունները, կենցաղային, սոցիալական լուրջ խնդիրներ ունեն»։