31/01/2024 13:25
Երկու անձ Telegram-ի միջոցով գույքի ոչնչացմամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր են արել․ նրանց մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են 55–ամյա և 40-ամյա երկու տղամարդկանց կողմից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր անելու դեպքերի մի շարք էական հանգամանքներ։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 55–ամյա և Կոտայքի մարզի 40-ամյա բնակիչները, ովքեր վրացական պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդներ են, դժգոհ լինելով ՀՀ կառավարության կողմից հիշյալ պետհամարանիշներով ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ սահմանված իրավակարգավորումներից, դրանցում ի օգուտ վարորդների փոփոխություններ իրականացվելու նկատառումով, հասարակության լայն զանգվածներին հասանելի «Տելեգրամ» սոցիալական ցանցում ստեղծված համապատասխան խմբում հանդես է եկել հիշյալ հարցը ոչ օրինական և ոչ խաղաղ ճանապարհով լուծելու առաջարկներով։ Վերջիններս հավանություն են տվել խմբի մյուս անդամների նմանատիպ գրառումներին և 2024թ․ հունվարի 16-ին սոցիալական ցանցի նշված խմբում հրապարակային կոչ են արել կատարել գույք ոչնչացնելով կամ վնասելով, նրանցի մեկի դեպքում՝ ավտոմեքենայի հրկիզումով զուգորդված հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ նշված երկու անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրանց ներկայացվել է մեղադրանք։
Նախաքննությունը շարունակվում է։