31/01/2024 12:19
ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ «շատ ոգևորված են» Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունից
-Այո, մենք շատ գոհ ենք։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ընդհանուր առումներով, մենք միշտ պատրաստ ենք շարժվել այն տեմպերով, որով ցանկանում են շարժվել մեր գործընկերները։ Այսպիսով, մենք խրախուսում ենք այն ամենը, ինչ գալիս է Երևանից: Երևանը, օրինակ, որոշել է ավելի քան 50-ով ավելացնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի (KFOR) կազմում իր զինծառայողների թիվը, ինչն ակնհայտորեն քաղաքական ներգրավվածության եւ նվիրվածության նշան է: Մենք այժմ աշխատում ենք անհատապես հարմարեցված գործընկերության նոր ծրագրի (ITPP) վրա՝ բավականին հավակնոտ նպատակներով։ Մենք աշխատում ենք վերապատրաստման հնարավորությունների վրա։ Երկու տարի առաջ՝ հիմնականում պատերազմից հետո, համագործակցությունը մի տեսակ սառեցված էր, և այս քայլերը, այս տեղաշարժը շատ բովանդակային է: Այսպիսով, այժմ այն, ինչ մենք ունենք առաջիկայում, անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրի հաստատումն է: Ես մեծ ակնկալիքներ ունեմ, որ դա տեղի կունենա հաջորդ շաբաթների ընթացքում: Բայց Երևանում իմ ունեցած խոսակցություններից հետո տպավորությունս այնպիսին է, որ հայերը պատրաստ են շարունակել այդ ճանապարհը և ավելացնել համագործակցությունը, և մենք օգնելու ենք Հայաստանին դա անելու հարցում։
-ՆԱՏՕ-ն պլանավորում է անցկացնել ամենամեծ զորավարժությունները Սառը պատերազմից ի վեր: Իհարկե, կարող ենք գուշակել, թե կոնկրետ ում համար է այն, բայց, այնուամենայնիվ, կուզենայի հարցնել՝ ի՞նչ ուղերձ է սա։
-ՆԱՏՕ-ն շատ պարզ է եղել 2022 թվականի փետրվարի պատերազմի (խմբ․ ռուս-ուկրաինական պատերազմ) սկսվելուց հետո: Մենք մեծացնում ենք պաշտպանվելու և զսպելու մեր կարողությունները: Ուղերձը շատ պարզ էր. մենք հնարավորինս աջակցելու ենք Ուկրաինային և, միևնույն ժամանակ, մենք թույլ չենք տա մեր տարածքի որևէ խախտում։ Դրա համար մենք բազմաթիվ որոշումներ ենք ընդունել՝ Մադրիդի գագաթնաժողովից մինչև Վիլնյուսի գագաթնաժողով։ Հիմա այս մեծ զորավարժություններն (խմբ․ խոսքը Steadfast Defender զորավարժությունների մասին է, որն անցկացվելու փետրվարին, և որին մասնակցելու է շուրջ 90 հազար զինծառայող) անցկացնելու որոշումը մեծապես կապված է զսպելու մեր կարողության հետ, և ուղերձը պարզ է: Մենք ցանկանում ենք զսպել, մասնավորապես Ռուսաստանին, որին մենք գնահատում ենք որպես սպառնալիք։ Նրանք ռազմավարական սխալ թույլ տվեցին՝ ներխուժելով Ուկրաինա։ Եվ նրանք պետք է հասկանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր թիզը։