31/01/2024 09:51
«Ժողովուրդ». Միայն դիրքեր գնալն ու նկարվելը ի՞նչ է տալիս ՊՆ-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը չի արձագանքում հանրության կողմից բողոքներին և նախարարի հրաժարականի պահանջին: Այս տարի՝ 2024 թվականին, բազմաթիվ ողբերգական դեպքեր տեղի ունեցան Զինված ուժերում, մասնավորապես՝ հունվարի 9-ին ժամկետային զինծառայողներից մեկն իրեն կցված հրազենից մահացու կրակ էր արձակել նույն դիրքում ծառայող սպաներից մեկի՝ 23-ամյա Կարեն Արայիկի Կարապետյանի վրա:
Նույն հունվարի 9-ին ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Այդ դեպքերին հաջորդեց հունվարի 14-ի ձնահյուսի տակ մնացած Բենիամին Վալերիի Մանուչարյանի (ծնված 2003 թ.), դեպքը:
Այս դեպքերը հանրային լայն շրջանակներում առաջացրել են ՀՀ ՊՆ նախարարի և ԳՇ պետի պաշտոնանկության պահանջ:
ArmLur.am-ը ՀՀ ՊՆ պաշտոնական հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝
1.Ի՞նչ է մտածում այս մասին Սուրեն Պապիկյանը:
2.Մարզասրահի բաստկետբոլի վահանակի ու կախիչի համար Նիկոլ Փաշինյանը մարզպետին ու Քաղշինկոմիտեի ղեկավարին հեռացրեց աշխատանքից, իսկ 2 զոհի համար չկա՞ պատիժ: Ի՞նչ է նախաձեռնել ՊՆ նախարարը:
3. Հատկապես Վարդենիսի դիրքերում դեպքերը շատ են. ի՞նչ վերլուծություն ունի ՊՆ-ն:
4. Նկատում ենք, որ դեպքերից հետո նախարարը գնում է դեպքի վայր, հրապարակվում են նրա խիստ հայացքով լուսանկարները, բայց դեպքերի կրկնությունից չենք խուսափում: Միայն դիրքեր գնալն ու նկարվելը ի՞նչ է տալիս ՊՆ-ին:
Պն գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, մեր այս հարցերին ի պատասխան, գրել էր.
«ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան յուրաքանչյուր դեպքով հարուցվող վարույթներին զուգահեռ՝ անցկացվում են ծառայողական քննություններ, ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում համակողմանիորեն ուսումնասիրվում և վերլուծվում են մահվան դեպքերի հանգամանքներն ու պատճառները, ձեռնարկվում են միջոցներ առկա խնդիրների լուծման, հանցագործությունների կանխման, բացահայտման, կարգազանց և օրինախախտ զինծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»: Մյուս հարցերը անպատասխան են մնացել»։