31/01/2024 13:00
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը տարիներ առաջ է եղել Հայաստանում և արձանագրում է մեծ փոփոխություններ մեր երկրում. Սիմոնյան
Քննարկել ենք մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև Չեխիայի և ՀՀ-ի միջև հարաբերությունների զարգացումը, առևտրաշրջանառությունը, համագործակցությունը՝ տարբեր միջազգային հարթակներում, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ իր գործընկերոջ հետ քննարկել է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցը. «Չգիտեմ՝ տեղյակ եք, թե ոչ՝ մեր հյուրն այստեղից ուղևորվելու է հարևան երկիր, և դրա հետ կապված նույնպես քննարկում ունեցանք: Կրկին ուզում եմ ասել, որ ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջն այստեղ: Ես տեղեկացա՝ առաջին անգամ չէ, որ մեր հյուրն այցելում է Հայաստան: Նա տարիներ առաջ եղել է այստեղ և նույնպես արձանագրում է մեծ փոփոխություններ, որոնք տեղի են ունեցել: Եթե չեմ սխալվում՝ մենք ձևավորել ենք բավականին լավ միջանձնային հարաբերություններ, որի համար ես շնորհակալ եմ»: