31/01/2024 12:38
ՀՀ տնտեսական ներուժը 2023-ին ավելացել է, մի փոքր ավելացել է նաև պետական պարտքը․ Ֆինանսների նախարար
Պետական պարտքը նախնական տվյալներով 2023թ․-ին կլինի 48,4 տոկոս մակարդակի վրա՝ մի փոքր ավելանալով 2022թ-ի մակարդակից․ տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ՀՀ տնտեսական ներուժը 2023-ին ավելացել է։
«Հարկային եկամուտներն առաջանցիկ աճ են արձանագրել և ունենք հարկեր-ՀՆԱ 24,1 տոկոս ցուցանիշ՝ 2023թ․-ի արդյունքներով։ ՀՆԱ-ի կանխատեսումները նախնական են այստեղ»,-ասաց նա։
Նախարարը պետական պարտքի կառավարման մասով ասաց՝ ուրախալի է, որ ոչ ռեզիդենտների և ոչ բանկ ներդնողների կշիռը բարելավվել է։
«Սա նշանակում է, որ ՀՀ-ն դառնում է հետաքրքիր՝ միջազգային ներդրողների համար»,-ասաց նա։
Բյուջեի մասին խոսելով նշեց, որ եկամուտների ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ։ Մի փոքր գերակատարում ունեն դրամաշնորհների մասով։
Ըստ նախարարի՝ բյուջեն ծրագրավորվել է 2 տրիլիոն 203 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում գերակատարման և տնտեսական արագի աճի պայմաններում փոփոխության է ենթարկվել։
«Ծախսերի մասով ունենք 97 տոկոս կատարողական»,-ասաց նա։