01/02/2024 10:14
ՀՀ իշխանության` երկրի վերջին խորհրդանիշները զոհաբերելուն ի պատասխան՝ Անկարայից հորդորներ են հնչում. Աբրահամյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մինչ իշխանությունը շարունակում է կեղծ խաղաղասիրական դրոշակով խոսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու մասին և հանուն դրա շարունակում զիջողական քաղաքականությունը, Թուրքիայի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը Բաքվում սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:
Թեև վերջինս արդեն նախարար չէ, սակայն Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է` ոչ պատահական դեմք:
Հայաստանի իշխանության` երկրի վերջին խորհրդանիշները զոհաբերելուն և հայկական պահանջատիրությունը զիջելուն ի պատասխան՝ Անկարայից ՀՀ-ին հորդորում են` «խելքը գլուխը հավաքել»` հիշեցնելով, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են 2 պետություն ու մեկ բանակ սկզբունքով:
Հավաքական առումով հայ ժողովրդին զոհաբերող իշխանությունը չի կարող պաշտպանություն և սատարում ունենալ նաև արտաքին դերակատարներից` սրանց նմանների նկատմամբ հարգանքը բացառվում է` առավելագույնը կօգտագործեն ու դեն կշպրտեն»: