01/02/2024 19:03
Քանի դեռ Ադրբեջանն Արևմուտքին և Ռուսաստանին ավելի շատ է պետք, քան Հայաստանը, Բաքուն գերշահույթ է ունենալու. Ալեքսանդր Իսկանդարյան
«Հայաստանն Ադրբեջանից եկող մարտահրավերներին իբրև «դեղամիջոց» ընկալում է պայմանագիր կնքելը, հարաբերություններ կարգավորելը։ Ադրբեջանի համար պայմանագիրը ոչ թե նպատակ է, այլ՝ գործիք, Հայաստանի համար պայմանագրի կնքումը նպատակ է։ Ադրբեջանը հայկական կողմից որևէ սպառնալիք չի տեսնում, հետևաբար, Ադրբեջանին որպես այդպիսին՝ խաղաղություն, պայմանագիր պետք չէ։ Մինչև 2020 թվականը, 2016 թվականը պատկերը ճիշտ հակառակն էր. Հայաստանը պատրաստ էր անվերջ ձգձգել իրավիճակը, պահպանել ստատուս քվոն։ Հիմա Ադրբեջանը բանակցությունները, հնարավոր պայմանագիրը օգտագործում և օգտագործելու է որպես գործիք՝ Հայաստանին թուլացնելու համար։
Քանի դեռ իրավիճակն այսպիսինն է, քանի դեռ Ադրբեջանն Արևմուտքին և Ռուսաստանին ավելի շատ է պետք, քան Հայաստանը, Ադրբեջանը փորձելու է իրավիճակից առավել մեծ շահույթով դուրս գալ։ Բանակցությունները հնարավոր խաղաղության համար միայն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար են»,- 5-րդ ալիքին տված հարցազրուցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Հարցն այն է, որ Ադրբեջանը չունի կարմիր գիծ, չի բավարարվելու Հայաստանի ոչ մի զիջմամբ, ավելին՝ պահանջները գնալով ավելացնում է։
Եթե Հայաստանի կողմից դիմադրության փոխարեն կա համաձայնություն Ադրբեջանի առաջ բերած օրակարգին, նարատիվներին, ապա բնականաբար, ճնշումը շարունակվելու է»,- ասել է նա։