01/02/2024 13:16
«Նախաքննությունը շատ ինտենսիվ շարունակվում է». ՔԿ-ն չի մեկնաբանում Synergy-ի հիմնադիր Աշոտ Հովանեսյանին, որը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է, ձերբակալելու մասին տեղեկությունը
Նախաքննությունը շատ ինտենսիվ շարունակվում է, Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Aysor.am-ի տեղեկություններով՝ հարուցված գործերի շրջանակում ձերբակալվել է նաև Synergy International Systems ընկերության գլխավոր տնօրեն և հիմնադիր Աշոտ Հովանեսյանը։ Նա հաղորդավարուհի, «Վիցե-Միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթի հաղթող Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։
«Այս պահի դրությամբ նման տվյալներ չենք կարող ասել», - ընդգծեց Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ «նախաքննությունը շատ ինտենսիվ շարունակվում է»։
«Գործի հանգամանքերը մանրամասն ուսումնասիրվում են։ Ավելի ուշ Քնչական կոմիտեն համապարփակ տեղեկատվությամբ հանդես կգա», - ասաց Աբրահամյանը։
Ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների՝ Քննչական կոմիտեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին երկու ամսով նախնական կալանման միջնորդություն է ներկայացրել։
Գործը կապված է Գևորգյանի՝ Synergy International Systems ընկերությունում աշխատանքի հետ։ Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։
Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ չի հաղթել: Բայց ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին։
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները:
Ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։